Կոմիտասի ու Սայաթ-Նովայի երգն ու երաժշտությունը` մետրոյում (Ֆոտոշարք, տեսանյութ)
Որքան էլ Երևանի մետրոպոլիտենում մարդկանց հոսքը մեծ է, այնուամենայնիվ, այնտեղ կարելի է լսել միայն շարժվող գնացքի ձայնը։ Շատ քիչ դեպքերում է այնտեղ լսվում մարդկանց ձայները։ Մետրոպոլիտենում աղմկոտ էր «Թավշյա հեղափոխության» ժամանակ, երբ բոլորը բացականչում էին հեղափոխության հայտնի լոզունգները։
Այսօր Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում օրը մի փոքր անսովոր էր։ Առավոտյան բոլորը շտապում էին դասի, աշխատանքի ու հանկարծ այդ քայլքի մեջ լսվեց Կոմիտասի երաժշտության մեղեդին։ Մի երիտասարդ տղա դուդուկով նվագում էր, ու մի պահ բոլորը կանգ առան, քարացան, մոռացան աշխատանքի ու դասի մասին, հետ եկան ու սկսեցին լսել տղայի նվագած երաժշտությունը։
Տղան նվագեց Սայաթ-Նովայի ու Կոմիտասի երգերը, իսկ քիչ անց նրանց միացան նաև մի քանի քաղաքացիներ, ովքեր դուդուկի նվագից անմիջապես հետո սկսեցին երգել Կոմիտասի շարականներից։
Մարդիկ ժպտում էին, ուրախանում ու հոգեպես հանգստանում։ Նրանք ունեն այդ հոգեկան հանգստության կարիքը, նրանք ցանկանում են լսել Կոմիտասի երաժշտությունը, որն ունի բուժիչ ազդեցություն։ Միգուցե լավ կլիներ, որ ամեն օր մետրոյի կայարաններում լսվեր այդ հանճարեղ մարդու երաժշտությունը ու մարդիկ աշխատանքի գնային հոգեպես հանգիստ, առողջ ու ժպտուն դեմքերով։