Թե ինչպես է Չարենցը ճղում ու ոչնչացնում իր գրած 65 քառյակները
«Ես ջահել ժամանակ,- պատմում էր Չարենցը,- 50 հատ գազել էի գրել, բոլորն այրեցի ու թողեցի միայն մորս նվիրված գազելը։ Մնացածները չնչին բաներ էին և նորություն չէին բերում ո՛չ թեմայով, ո՛չ տաղաչափությամբ։ Թեև, ճիշտն ասած, ափսոսում եմ, թող թղթերիս մեջ մնային, էլի, ինչ կխանգարեր... Երբ Թումանյանը տպեց իր «Քառյակները», մի քանի օր հետո ինձ մոտ եկավ բանաստեղծ Գառնիկ Քալաշյանն ու հպարտությամբ ասաց, թե քառասուն հատ քառյակ է գրել և կարդաց։
-Գառնի՛կ, տար ճղի, դրանցից ոչ մեկն էլ մի բանի պետք չի։
Գառնիկը ջղայնացավ, թե՝ «նախանձում ես Չարենց, որ դու չես կարող էսպիսի քառյակներ գրել»։
Հենց էդ գիշեր նստեցի 65 հատ քառյակ գրեցի։ Մյուս օրը գնացի կինո «Պրոլետար»-ի մոտ, մեր «վերնատունը», Գառնիկին ու մյուսներին հավաքեցի ու գրածներս կարդացի։ Շատերը հավանեցին։ Երբ կարդացի-վերջացրի, բոլորն էլ ճղեցի ու ասացի.
-Ըհը, Գառնիկ, էս էլ քո քառյակները. էլ էդ տեսակ բաներ չգրես...»:
Գևորգ Էմինի հուշերից
«Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին»․ Երևան, 1961 թվական