Սեյրան Օհանյանը խուսափեց մեկնաբանելուց ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունները
«Մենք ազգ ենք, որը կարող է իր բոլոր խնդիրները, այդ թվում՝ անվտանգության խնդիրները, խելացի կերպով լուծել՝ առանց զենքի, ուժի կիրառման»:
Այսօր' մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Մեր ներքին խնդիրների լուծման համար նոր ժամանակներ ենք ապրում: Այսօրվա և՛ իշխանությունը, և՛ ամբողջ ժողովուրդը, անելու են ամեն ինչ, որ մթնոլորտը փոխվի, օրինականությունը հաստատվի, ստեղծվեն պայմաններ ժողովրդի արարելի համար»,-իր խոսքում ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա գնահատմամբ՝ նոր, երիտասարդ ավյունը բերելու է հաջողության: Նրա խոսքով' որքան էլ քննադատություններ հնչեն, այնուամենայնիվ, եթե այսօր այս երիտասարդները կարողացել են համախմբել ողջ ժողովրդին, մնացած բոլոր հարցերը նրանք լուծելու են:
Նախկին նախարարը չցանկացավ մեկնաբանել պաշտպանության նախարարության նոր պաշտոնավարումներն ու նշանակումները:
«Բոլորին եմ ճանաչում, իմ ծառայակից ընկերներին, գեներալներին բոլորին հարգում եմ, բայց ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է, և չեմ մեկնաբանում»,- նշեց նա: