Վրաստանից 30 դոլարով` Եվրոպա, իսկ Հայաստանի՞ց…
Այն, որ Հայաստանից դեպի աշխարհի տարբեր անկյուններ թռիչքները թանկ արժեն, որևէ մեկի համար գաղտնիք չէ. մատնահետքի փող, օդի փող, նստելու փող, կանգնելու փող: Ի վերջո, ավիատոմսը հասնում է աստղաբաշխական գների: Անգամ հարևան երկրներ գնալու համար հայաստանցին ավելի թանկ է վճարում, քան հարևան երկրների քաղաքացիները:
Ի դեպ, վերջին տվյալներով, Վրաստանից թռիչքներն է՛լ ավելի են էժանացել` նույնիսկ 30 դոլարով է հնարավոր հասնել Եվրոպա` այն դեպքում, երբ Հայաստանում դեռևս շատերի համար երազանք է մնում մատչելի տոմս գնելը:
Հայաստանում նման քաղաքականությունը նախ մենաշնորհի արդյունք է, ապա նաև ախորժակի:
Պատճառաբանում են, որ «Զվարթնոց» օդանավակայանն այնքան էլ թանկ չէ, ծառայությունները բարձրորակ են՝ գրեթե եվրոպական չափանիշների, իսկ եվրոպական երկրներում ավիատոմսերի արժեքը մատչելի է՝ այնտեղի աշխատավարձերի հետ համեմատած:
Վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի օդանավակայանների ծառայությունների, տոմսերի գների հետ համեմատություններում, մեր հայրենակիցները նախընտրում են Վրաստանից թռչել արտերկիր կամ գալիս են Վրաստան, հետո վերադառնում տուն:
Նման քաղաքականությունը չի նպաստում զբոսաշրջաային տեղաշարժին, ոչ էլ մեր հայրենակիցների շփումներին արտերկրի հետ: Նաև դա է պատճառը, որ շատերը կարողանում են միայն միակողմանի տոմս գնել և հեռանալ երկրից` Հայաստանում վաճառելով ամեն ինչ:
Հայաստանից նաև ուղղություններն են պակաս. եթե «Զվարթնոցը» միջազգային օդանավակայան է, ապա պետք է ավելի շատ ուղղություններ ունենա, քան ունի. այսինքն` այնքան էլ միջազգային չէ:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ից Wizz Air ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Քութայիսից դեպի Փարիզ, Պրահա, Աթենք, Բարսելոնա, Հռոմ, Բուխարեստ, Վիեննա և հետադարձ ուղղություններով: