Մարուքյանը չբացառեց, որ աշնանը կարող են արտահերթ ընտրություններ լինել
«Ընտրական օրենսգրքից առաջինը պետք է հանվի ռեյտինգային ընտրակարգը, երկրորդն ընտրողների ցուցակների հարցն է, որ պետք է մաքրել, երրորդը ընտրողների իդենտիֆիկացման հարցն է: Պետք է անդրադառնալ նաև կուսակցությունների մասին օրենքին: Հայաստանում կուսակցության ֆինանսավորումը չպետք է լինի ստվերային»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա Էդմոն Մարուքյանը նշեց, որ պետք է քաղաքական լայն բանակցությունների միջոցով հասնել մեխանիզմի՝ ցրելու գործող խորհրդարանը և համոզված է, որ աշնանը հնարավոր է արտահերթ ընտրություններն անցկացնել:
Պատգամավորն անդրադարձավ նաև պատգամավորներ Արմեն Աշոտյանի և Միհրան Պողոսյանի քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններին և նշեց, որ ինքը պատրաստ է պաշտպանել առաջին քաղաքական հետապնդվողին:
«Չեմ կարծում, որ ՀՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Աշոտյանին որևէ բան չի խանգարում՝ հավաքել բավարար թվով ստորագրություններ և դիմել դատարան, վերջապես նա կարող է դիմել իրավապաշտպան տարբեր կառույցների»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը վստահ է, որ կառավարությունը չի ձախողելու, բայց եթե անգամ ձախողի, դա լինելու է ՀՀ ձախողումը: