Արայիկ Հարությունյանի պարտադրանքը հիշեցնում է ՀՀԿ-ի գործելաոճը
Այսօր՝ ԱԺ ճեպազրույցի ժամանակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Արմեն Աշոտյանի հայտարարությանը, ըստ որի՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ստիպում է ուսուցիչներին ու տնօրեններին դուրս գալ ՀՀԿ-ից, ինչի իրավունքը չունի։
Էդմոն Մարուքյանը նշել է, թե խոսքը վերաբերել է այն ուսուցիչներին, ովքեր պարտադրաբար են ՀՀԿ վկայական ստացել․
«Մարդիկ կան, որոնք ասում են, որ պարտադրել են իրենց դառնալ ՀՀԿ-ական, հիմա նախարարն էլ կարող է ասել, որ եթե եղել է պարտադրանք, կարող եք հետ հանձնել ձեր անդամատոմսերը»:
Իհարկե, Մարուքյանի ասածը տրամաբանական է այնքանով, որքանով ինքը՝ երևույթը։
Գաղտնիք չէ, որ բոլոր նրանք, ովքեր դարձել են հանրապետական, հիմնականում դարձել են իրենց կամքով ու նրանց պարտադրանք չի եղել։ Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշները պարտադրված են հանրապետական դարձել, ուրեմն դա արել են աշխատանքից չազատվելու համար, ու այս դեպքում նրանք ՀՀԿ-ականներից ավելի վատն են։
ՀՀԿ-ականները գոնե (խոսքն արմատական ՀՀԿ-ականների մասին է) չեն ուրանում իրենց կուսակցությունը, իսկ ուսուցիչներն ու տնօրենները հանրապետականացվել են՝ իրենց տեղը պահել են, ու իրենց հերթին պարտադրել ծնողներին քվեարկել հանրապետականների օգտին ու հիմա եկել անմեղ գառան դիմակով ապաշխարհում են, թե՝ մենք չէինք ուզում, մեզ ստիպեցին։
Մյուս կողմից էլ՝ այս տեսանկյունից նախարար Արայիկ Հարությունյանի բռնած դիրքն ավելի ազնիվ չէ։ Ինչո՞վ է նա տարբերվում բռնապետական երկիր ստեղծած ՀՀԿ-ականներից, եթե գործում է նույն պարտադրանքի ոճով։