Նախկինում եղել է Սերժ Սարգսյանի լուսանկարը, Նիկոլ Փաշինյանի լուսանկարը հարմար չեմ գտնում կախել պատից. ՔԿ փոխնախագահ
Քննիչների սենյակները չեմ գնացել ուսումնասիրել, թե Սերժ Սարգսյանի լուսանկարը շարունակո՞ւմ է փակցված մնալ, թե՞ ոչ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:
«Իմ սենյակում չկա»,- ասաց Ղամբարյանն ու հավելեց, որ նախկինում եղել է կախված, իսկ երբ Սարգսյանը պաշտոնաթող է եղել, լուսանկարը հանել է սենյակի պատից:
Լրագրողների հարցին՝ արդյոք այժմ վարչապետ Փաշինյանի լուսանկա՞րն է փակցված, Ղամբարյանը կտրուկ պատասխանեց՝ ոչ: «Նպատակահարմար չեմ գտնում: Փակցված է միայն Պարույր Սևակի և Վազգեն Առաջինի լուսանկարը»,- ասաց նա:
Ճշտող հարցին, թե ո՞րն է պատճառը, որ Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցված է եղել, իսկ Նիկոլ Փաշինյանինը՝ ոչ, Ղամբարյանը պատասխանեց, որ նախկինում այդպես է նպատակահարմար գտել իր աշխատասենյակը կահավորել: