Քրեական հեղինակություն Ջնդին Տարոն Մարգարյանի լուռ համաձայնությամբ ծառերի սպանդ է իրականացնում (ֆոտո)
Կոմիտասի պողոտայում գտնվող «Արևելյան խոհանոց» սրճարանի տարածքի շենքերի բնակիչները, մեծով ու փոքրով, ահազանգում են՝ կանաչապատ բակերը դարձել են ավտոկայանատեղի։
Այս մասին բնակիչները հայտնեցին NEWSPRESS.am-ին՝ խնդրելով անվանական չնշել իրենց։ Բանն այն է, որ նրանք վախեցած են։ Թեև բակի ծառերն իրար հետևից հատվում են, սակայն իրենք չեն կարողանում բողոքել։
Նկատենք, որ «Արևելյան խոհանոցի» սեփականատեր է հանդիսանում ազգությամբ եզդի Ջնդի Ամարյանը, ով քրեական աշխարհում համարվում է հեղինակություն։ Նրա մարդիկ էլ բնակիչներին հրահանգել են ծառահատումների հետ կապված դժգոհություններ չհայտնել, ոչ ոքի չբողոքել և նույնիսկ դռները չբացել այս հարցով իրենց դռները թակողների առաջ։
Չնայած դրան, ինչ-որ ճանապարհով բնակիչներն իրենց բողոքը հասցրել են քաղաքապետարան, բայց սպասվածի պես մնացել են անհաղորդ։
Իհարկե, ծառահատման իրավունք տվել է հենց քաղաքապետարանը, և բնական է, որ բնակիչների բողոքները պետք է թողներ անարձագանք։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար այս պարագայում թերևս ավելի նպատակահարմար է մի քանի հարյուր բնակչի թողնել դժգոհ, քան դուրս գալ քրեական աշխարհի ներկայացուցչի դեմ։
Ու Ջնդին այսօր մեծ փութաջանությամբ ձեռնամուխ է եղել կանաչապատ տարածքների վերացման գործին՝ անարգել հատում է ծառերը, ասֆալտապատում ու հարմարություններ ստեղծում «Արևելյան խոհանոցից» օգտվողների համար և այս ամենի հետ մնում անպատիժ։
Նկատենք, որ տարածքը նախկինում եղել է կանաչապատ այգի, որտեղ եղել է նաև գեղեցիկ խաղահրապարակ։ Առաջիկայում NEWSPRESS.am-ը կհրապարակի լուսանկարներ, որոնք կներկայացնեն այգու նախկին տեսքը, որից էլ այն վերածվել է կայանատեղիի։