Արտահերթ ընտրություններն իրատեսական համարում եմ աշնանը. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ի տարածքային գրասենյակները բաց են եղել, բաց են և մեր տարածքային կառույցների հետ հանդիպում ենք ամենօրյա ռեժիմով ու քննարկում ենք կուսակցական ընթացիկ խնդիրները: Այսօր ազգային ժողովում լրագրողներին ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և շեշտեց, որ ԲՀԿ-ն այն կուսակցությունը չի, որ աշխատում է ընտրությունից ընտրություն:
«Ես հասկանում եմ, որ շատ քաղաքական ուժերի և կենտրոնների շատ հարմար է ամեն տեղ և անընդհատ փնտրել ինտրիգներ, բայց մենք աշխատում և համագործակցում ենք նորմալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երկրում ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ է ձևավորվել, որի հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են։ Միաժամանակ հավելեց, որ մինչ ընտրություններն իրավական մի քանի խնդիրներ պետք է լուծել` Ընտրական օրենսգիրք, մասնավորապես, տարածքային ցուցակների հանում, մատնահետքերի միասնական շտեմարանի ներառում:
«Արտահերթ ընտրություններն իրատեսական համարում եմ աշնանը»,- շեշտեց «Ծառուկյան դաշինքի» պատգամավորը: