2014-ից վարկերի տոկոսադրույքները նվազել են 4 տոկոսով. Արթուր Ջավադյան
Այսօր ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացնում էր ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է վերջին մեկուկես տարվա ընթացքում իջել վարկերի, նաև ավանդների տոկոսադրույքները և արդյոք այդ հնարավորությունը չկար 4-5 տարի առաջ:
ԿԲ նախագահը պատասխանեց, որ 2014 թվականից մինչև այսօր վարկերի տոկոսադրույքներն իջել են 4 տոկոսային կետով, դրամային վարկերի դեպքում՝ 3,6 տոկոս, իսկ արտարժույթայինի դեպքում՝ 4,5 տոկոս։
«Ավանդերի մասով կրճատվեց նաև տոկոսային մարժան, տոկոսային մարժան այս պահին կազմում է դրամայինի դեպքում 1,9, արտարժույթի դեպքում 2 տոկոս»,- ասաց Ա. Ջավադյանը:
ԿԲ նախագահը հիշեցրեց, որ մինչ իջեցնելը երկու մեծ ճգնաժամ են ունեցել՝ 2008-ին և 2014-ին, և ԿԲ-ն իրականացրել է խիստ դրամավարկային քաղաքականություն:
Բացի այդ, ըստ ԿԲ նախագահի՝ Կենտրոնական բանկը 2017թ. տնտեսական աճի բարձր ցուցանիշ էր կանխատեսել՝ սպասելով համախառն պահանջարկի ավելի բարձր մակարդակ:
«Կանխատեսվող հորիզոնում ակնկալվում էր, որ տնտեսական աճի արագացումը պայմանավորող ժամանակավոր գործոններն աստիճանաբար կմարեն: Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ ԿԲ-ն սպասում էր 7.2-7.4 տոկոս տնտեսական աճ, որին նպաստելու էին մասնավոր հատվածի սպառման ու ներդրումների աճերը»,- ասաց նա: