Յուրաքանչյուր նկարի մեջ նկարում եմ ինձ՝ ոչ իմ արտաքինով, բայց ինձ. ինձ համար նկարելը կարծես օդ լինի. Ասյա Հակոբյան (տեսանյութ)
Մոսկվայաբնակ նկարչուհի Ասյա Հակոբյանը պատրաստվում է Հայաստանում կազմակերպել իր նկարների հերթական ցուցահանդեսը: Այս անգամ նրա ցուցահանդեսը կկրի «Նայիր աշխարհին իմ աչքերով» խորագիրը:
Այս մասին նկարչուհին հայտնեց NEWSPRESS.am-ի հետ զրույցում:
Ասյա Հակոբյանը վստահ է՝ յուրաքանչյուր մարդ իր կողմից ստեղծված նկարներում կգտնի իրեն, քանի որ բոլոր նկարներն արտահայտում են հոգեվիճակ:
«Նկարներիս մեջ արտահայտում եմ զգացմունք՝ սեր, ուրախություն, հիասթափություն, ատելություն... դրանք մոտ են յուրաքանչյուր մարդու: Իսկ ամեն ցուցահանդեսում էլ աշխատում եմ, եթե ոչ 100 տոկոսով, ապա գոնե 90 տոկոսով նոր նկարներ ներկայացնել. կրկնվել չեմ սիրում»,- ասում է նկարչուհին:
Նա նկարում է նաև պատվերներով, բայց ավելի շատ իր ստեղծագործություններում արտահայտում է այն, ինչ ինքն է զգում: Նրա ձեռագիրն արդեն շատերին է ծանոթ: Ասում է, թե շատերն իրեն ճանաչում են ձեռագրով:
«Յուրաքանչյուր նկարի մեջ նկարում եմ ինձ՝ ոչ իմ արտաքինով, բայց ինձ, այն ինչ-որ ապրել եմ և այն, ինչ որ չի ստացվել, ինչին ձգտում եմ... ինձ համար նկարելը ոնց որ օդ լինի, առանց որի չես կարող ապրել: Դա ինձ համար անհրաժեշտություն է»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինքը հանդիսատեսի վզին չի փաթաթում իր ասելիքը:
«Ես նկարում եմ. թող հասկանան այնպես, ինչպես իրենք են դա զգում»:
Մանրամասները՝ տեսանյութում