«Խոստումս չեմ դրժել, խնդրում եմ՝ քիչ զանգեք»․ նախկին ակտիվիստը «ժիլետավոր» պաշտոնյա է դարձել
Այն ժամանակ, երբ սկսցին խոսակցություններ, թե «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն ընդգրկվելու է կառավարության կազմում, Սանասարյանն ինքը շատ «ծանր տարավ» այս հայտարարությունը։ Չգիտես` նա նեղսրտա՞ծ էր, որ դեռ իրեն պաշտոն չեն տվել, թե՞ կար մեկ այլ պատճառ, սակայն Դավիթ Սանասարյանը լրագրողների միջոցով հայտարարեց, որ ինքն իր սկզբունքներին հավատարիմ մնալով՝ չի պատրաստվում ընդգրկվել կառավարության կազմում։
«Եթե ես ուզենայի, կգնայի որևիցե տեղ, բայց ես քաղաքականության մեջ շատ կարևոր եմ համարում սկզբունքայնությունը։ Եթե ես ինքս սկզբունքայնությունը չպահեմ, ուրիշներից չեմ կարող պահանջել։ Ասել եմ՝ չեմ գնալու կառավարություն, ուրեմն չեմ գնալու»։
Դավիթ Սանասարյանի «սկզբունքայնությունը» չկոտրելու համար էլ նա պաշտոն ստացավ մեկ այլ «կառավարակետում»՝ նշանակվեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ:
Անկեղծ լինելու համար պետք է նկատենք, որ վերահսկողության ծառայության պետի պաշտոնը շատ բանով չի տարբերվում կառավարության կազմում ընդգրկվելուց։ Համենայնդեպս, այս պարագայում ինչից էլ խոսելու լինենք՝ «սկզբունքայնության» մասին պետք է լռենք, քանի որ սկզբունքայինն այն չէ, երբ խոսում են մի բանից, սակայն հակառակն են անում։
Հավանաբար այս մասին վերջին 2 օրվա ընթացքում նրան շատ են հիշեցրել, կամ ինչպես ասում են՝ «երեսով տվել», ու նախկին ակտիվիստը որոշել է ֆեյսբուքյան «ստատուսով» պարզաբանել կատարվածը։ Նա գրել է․
«․․․ խոստումս չեմ դրժել, ես կառավարությունում չեմ, ավելին՝ Պետական վերահսկողական ծառայությունը կառավարությունից դուրս է, կառավարության «ընդդիմադիր» կառույցն է»։
Եթե հիմք ընդունենք Սանասարյանի այս հայտարարությունը, ապա կարելի է մտածել, որ որպես «ընդդիմադիր կառույց», ինչպես ինքն է ասում, պալատը վերահսկելու է Փաշինյանին․․․ Սա արդեն լրիվ «նոնսենս» է, քանի որ այս դեպքում երկուսից մեկը՝ կա՛մ Սանասարյանն, այնուամենայնիվ, չի վստահում Փաշինյանին՝ որպես կառավարության ղեկավարի, կա՛մ նա այս հայտարարությունն արել է՝ պարզապես իր քայլն արդարացնելու համար։ Երկու դեպքում էլ նրա պարզաբանումը հիմնավոր չէ։ Ու երևի թե նոր հայտարարություններից ու դրանց ավելորդ մեկնաբանություններից խուսափելու համար, Սանասարյանն իր «ստատուսում» նաև ավելացրել է․
«Խնդրում եմ քիչ զանգեք, խոշտանգման զոհ եմ դառնում»․․․
Մեկնաբանություններն ավելորդ են․ նախկին ակտիվիստը «ժիլետավոր» պաշտոնյա է դարձել։