«Հեղափոխական դուխ»-ի իմաստը «Կարմիր գրքում» գրանցված թռչնին սպանելը չէ
Սոցցանցերում հաճախ են հայտնվում «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներ և թռչուններ սպանած մարդկանց նկարներ՝ իրենց որսի հետ։ Սոցցանցերում հպարտորեն տեղադրված նկարներից շատ քչերի հետքերով են գնում (եթե իսկապես գնում են), ու բացահայտում դրանք։
Հերթական «ապօրինի որսի» հեղինակը «դուխով» տղերքից է։ Նա աչքի է ընկել իր «հեղափոխական» գլխարկով:
Իհարկե, դժվար չի եղել անմիջապես հայտնաբերել «հեղափոխականին», քանի որ նկարում երևում էր նրա մեքենան, որի համարանիշներն ու մակնիշն արդեն իսկ կարող էին «մատնել» նրան։
Այդ երիտասարդը Ջրառատի բնակիչ է։ Թե ինչն է 25-ամյա երիտասարդին ստիպել որսագողության գնալ, դեռևս կբացահայտվի, գործը նախաքննության փուլում է։ Ակնհայտ է, որ հեղափոխականի «դուխով» գլխարկով երիտասարդն այլ կերպ է հասկացել «հեղափոխական «դուխ»-ի իմաստը․ հավանաբար նա մտածել է, որ դուխով լինելը՝ «Կարմիր գրքում» գրանցված թռչնին սպանելն ու գլխիվայր նկարելն է։