Արագաչափե՞ր ու տեսախցիկնե՞ր, թե՞ «թփի հետևից» դուրս եկող ոստիկաններ․ ինչ կլինի երթևեկության վիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը։ Նա, մասնավորապես, նշել է․
«Մենք պետք է այդ պրակտիկան շատ արագ, հենց էսօրվանից դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են: Ես նախկինում էլ ասել եմ՝ մարդկանց շատ տուգանելու մոլուցքը պետք է կասեցնել»։
Տուգանելու մոլուցքը կասեցնելն, իհարկե, ճիշտ է, սակայն անկեղծ լինելու համար պետք է նշենք, որ արագաչափերի գործունեության կասեցումն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, այդ ցանկությունն իրականացնելու համար, առավելևս՝ ժողովրդավար երևալու համար։
Նախ՝ չի քննարկվում այն, որ գոյացված տուգանքներն ամբողջությամբ կարելի էր ուղղել բյուջե։ Ու պետք է նաև անկեղծության համար նշել, որ արագաչափերը որոշ չափով կանոնակարգել էին երթևեկությունը, որը հաստատ կվերածվի քաոսային վիճակի ու կաթվածահար կլինի։
Երթուղայինները կսկսեն դարձալ կայանել չնախատեսված վայրերում, փողոցների անթույլատրելի հատվածներից շրջանցումներ ու էլի մի շարք խախտումներ, որոնց վերահսկելու համար ստիպված պետք է վերադառնանք նախկին համակարգին, երբ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնում էր փողոցներում ու սպասում իր «զոհին» (ինչ-որ ձևով պետք է վերահսկել երթևեկությունը), սա լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ դուրս էր գալիս ծառի ու թփի հետևից․․․
Իհարկե, փորձենք հոռետես չլինել և ակնկալել, որ դա այդպես չի լինի։ Միևնույնն է՝ արդյունքն իրեն երկար սպասել չի տա։