Զինկոմիսարիատների մասին որոշումները կհետաձգվեն մինչև հունիսի 21-ը. Դավիթ Տոնոյան
Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև ս.թ. հունիսի 21-ը:
ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև նշված օրը ներկայացնել հստակ առաջարկներ խնդիրների լուծման ուղղությամբ:
Հիշեցնենք՝ զինկոմիսարիատներում կրճատումների հետ կապված, Կառավարության շենքի դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող զինկոմիսարիատի աշխատակիցներին ընդունել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ՀՀ կառավարության՝ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:
Ապա նրանց հետ հանդիպել են գլխավոր զինվորական կոմիսարն ու պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հանձնարարել է շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Նախարարը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ:
«Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին: Զինկոմիսարիատների օպտիմալացման պարագայում 44 զինկոմիսարիատներից մնալու է 14-ը, իսկ յուրաքանչյուրում՝ 20 աշխատողներից՝ երկուսը։