Ոչ մի հրաժարական
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կշարունակի իր աշխատանքը քաղաքապետի պաշտոնում: Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը, անդրադառնալով իր հրաժարականը պահանջող ակտիվիստների կոչերին, ընդգծեց, որ ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության և փորձի ճնշում գործադրել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների վրա:
«Մենք շարունակում ենք մեր աշխատանքը մեր երևանցիների հետ միասին և այս տարի երևանցիներով նշելու ենք մեր Երևանի 2800-ամյակը»,- ասաց քաղաքապետ Մարգարյանը:
Մայիսի 16-ին Երևանի 2800-ամյակին նվիրված այգու ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրին Երևանի քաղաքապետարանի դիմաց, որի ընթացքում ներխուժեցին քաղաքապետարանի շենք և պահանջեցին հանդիպում Երևանի քաղաքապետի հետ: Այնուհետև նրանք պնդեցին, որ իրենց միակ պահանջը Երևանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականն է: