Նիկոլի շիլափլավն արդեն մատուցված է
Թավշյա, փափուկ, անգույն, անարյուն և այլ մականուններով համեմված հեղաշրջումը, իշխանափոխությունը կամ էլ հեղափոխությունն՝ արդեն մատուցվում է նորաթուխ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այս օրերին՝ ՀՀԿ-ականներին հեռացնելուց, Սերժ Սարգսյանին մերժելուց, արագաչափերը փակելուց, փողոցները կազմալուծելուց, երկրում պղտոր միջավայր ստեղծելուց հետո, պարզվում է, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը պահանջներ ուներ նախկին իշխանությունից, այլ շատ քաղաքացիներ:
Իհարկե, դեռևս հարցերի հարցը մնում է քաղբանտարկյալների խնդիրը, որի լուծումը տեսանելի ապագայում առկախված է, սակայն տաքսիստները, փոխադրողները, աշխատանքից զրկվածները հավաքվել էին արդեն նորընտիր վարչապետի նստավայրի դիմաց` ներկայացնելով իրենց պահանջները և դրանց լուծումների մասին իրենց պատկերացումները:
Ի միջի այլոց, հետաքրքիր է, թե իրեն ինչպես է զգում ներկայիս վարչապետը` նախկին «մուտիլովկաների» ֆոնին. հաստատ՝ ոչ ավելի լավ, քան Սերժ Սարգսյանը:
Երևի մտքով չէր անցնում, որ երկրում ոչ միայն այդքան խնդիրներ կան, այլև դրանք պետք է լուծվեն: Հաճախ այդ խնդիրների լուծումը կապված է բյուջեի, նաև օլիգարխների շահերի հետ, և որոնք լուծում են պահանջում:
Փողոցից իշխանություն թռչելուց հետո արդեն դժվար է կառավարել և կանոնակարգել երկրի խնդիրները. չէ՞ որ արդեն մարդիկ գիտեն` ինչպես լուծել խնդիրները և հասնել աթոռի:
Չի բացառվում, որ վաղը-մյուս օրը ևս ուսուցիչներ, աշակերտներ, բժիշկներ, ատամնաբույժներ, աշխատանքից զրկվածներ, թոշակառուներ, ողորմելի աշխատավարձ ստացողներ, վարորդներ՝ հավաքվեն կառավարության ղեկավարի նստավայրի առջև` լուծում պահանջելով:
Իսկ ինչպե՞ս է վարվելու վարչապետը, չէ՞ որ նա կախարդական փայտիկ չունի, կամ էլ՝ չի կարող ժամանակ խնդրել խնդիրները լուծելու համար: Ինչպես վարչապետի կողմնակից կեղծ պրոֆիլներն են առաջարկում` սպասեք, թող մարդիկ աշխատեն:
Հիանալի առաջարկ է՝ նստեն-սպասեն, մինչև ջահելությունը կհասունանա: Մարդիկ սպասել են տասնամյակներ և այժմ գտել են այն ճանապարհը, որը Նիկոլն է ցույց տվել` ճանապարհափակոցիով հասնել նպատակին, և այս պրակտիկան կկիրառվի նաև հետայսու, իսկ ի՞նչ է անելու վարչապետը. լինելու է ևս մեկ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ գերազանցելու է իր նախորդին: