Մշակութային խայտառակություն, որ արդեն մի քանի տարի է՝ ծառացած է Օպերայի գլխին
NEWSPRESS.am-ն արդեն մեկ անգամ անդրադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց տիրող խայտառակ իրավիճակին։ Եթե ուշադիր լինենք, ապա «Հաղթանակի զբոսայգուց» ու «Լունապարկից» հետո, Օպերայի բակն ապագայում կդառնա մանկական զվարճանքների երրորդ ամենամեծ վայրը Երևանում։
Սա խնդրի մեկ կողմն է, իսկ խնդրի մյուս կողմն Օպերայի դիմացի արձանների վրա կատարված վանդալիստական գրառումներն են, որոնք արդեն մի քանի տարի է՝ կան ու գնալով ավելանում են։
Օպերան Երևանի մշակութային ամենագլխավոր կենտրոններից մեկն է ու հետևաբար այս տարածքը պիտի լինի համահունչ իր էությանը, սակայն բավական է անցնել այդ տարածքով ու պարզ կլինի, թե Երևանի թիվ 1 մշակութային վայրն ու կառույցն ինչի է վերածվել։
Սակայն դա այդպես չէր այն ժամանակ, երբ Երևանը գեղեցիկ, մշակութապես հզոր քաղաք էր։ Երբ 1928 թվականի մայիսի 7-ին մահացավ Ալեքսանդր Սպենդիարյանը, Ժողկոմխորhի հրամանով կազմվեց կառավարական հանձնաժողով, որը բաղկացած էր 18 անդամից։ Կառավարական այդ հանձնաժողովի մեջ էին Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը և այլք, ու այդ կառավարական հանձնաժողովն էլ որոշում ընդունեց, որ կոմպոզիտորը պետք է հուղարկավորվի հենց Օպերայի բակում, որն այդ ժամանակ դեռ չէր կառուցվել: Հուշագիրներից ոմանք էլ պատմում էին, որ Ալեքսանդր Թամանյանն ամեն անգամ կարգի էր բերում իր ընկերոջ՝ կոմպոզիտորի գերեզմանն ու ծաղիկներ տնկում։
Սպենդիարյանի գերեզմանն այդտեղ մնաց նաև Օպերայի շենքի կառուցումից հետո ու այդ տարիներին այդ բակն ու տարածքը շնչում էր մշակույթով։ Սպենդիարյանի գերեզմանը մինչ օրս շարունակում է մնալ Օպերայի բակում, սակայն այն վիճակը, որ հիմա Օպերայում է, բացարձակապես համահունչ չէ քաղաքի ամենագլխավոր մշակութային վայրին։
Այս ամենի հետ մեկտեղ վերջին տարիներին փոխվում են մշակույթի նախարարները, սակայն խնդիրը ոչ թե լուծվում է, այլ ավելի է խորանում։ Զվարճանքի վայրերը շատանում են, արձանների վրայի գրառումները նույնպես։ Պետք է միայն սպասել ու տեսնել, թե այդ մշակութային խայտառակությունը դեռ ինչքան ծառացած կմնա Օպերայի գլխավերևում։