Տարոն Մարգարյանի հրաժարական, «Սասնա Ծռերի» ազատ արձակում, զինկոմիսարիատների կրճատում. Երևանում բողոքի ակցիաներ են
Այսօր ևս, ինչպես նախընթաց օրերին, Երևանի քաղաքապետարանի դիմաց ցուցարարները պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Բացի հրաժարականը պահանջելուց, քաղաքացիները բարձրացրել են մայրաքաղաքի խնդիրները, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում` տրանսպորտը, մաքրությունը և այլն:
Չի բացառվում, որ ակցիայի մասնակիցները քայլերթ կազմակերպեն մինչև Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, այսօր այստեղ շարունակվելու է ՊՊԾ գունդը գրաված խմբի գործի քննությունը:
Բացի այդ, կառավարության դիմաց հավաքվել են զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող քաղաքացիները, ովքեր աշխատում են այս կառույցներում:
Նշենք, որ զինկոմիսարիատների քանակը որոշել են կրճատել, և շատերը պարզապես աշխատանքը կկորցնեն. 44 զինկոմիսարիատից կմնա 14-ը:
Փակելով որոշ զինկոմիսարիատներ՝ այսուհետև զինակոչիկները և քաղաքացիները պետք է մի քաղաքից մյուսը հասնեն` ներկայանալու, գրանցվելու, հարցերի պատասխանները ստանալու և հարակից այլ խնդիրների համար:
Հավաքվածները ցանկանում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` խնդրի լուծման համար. այժմ զինկոմիսարիատի ներկայացուցիչները կառավարությունում ներկայացնում են իրենց խնդիրները: