«Սպայկան» «արջի ծառայություն» է մատուցում երկրին
«Սպայկա» բեռնափոխադրող ընկերության անհեռատեսության հետևանքով Հայաստանի շուկան հայտնվել է ծանր վիճակում։
ՌԴ-Վրաստան անցակետից վերադարձված լոլիկը և վարունգն այժմ հայտնվել են հայկական շուկայում՝ միանգամից նվազեցնելով բանջարեղենի գինը․ լոլիկը 800 դրամից իջել է 400 դրամի։ Այս գինն այնքան էլ թանկ չէ այս սեզոնին, երբ ջերմոցատերերը ձմռանը կարողացել են բույս աճեցնել, ներդրումներ են կատարել և այժմ սպասում են եկամուտների։
Իսկ թե ինչո՞ւ է դաշտում նման իրավիճակ․ երկար տարիներ, երբ Թուրքիայից արգելված է սննդամթերքի ներկրումը Հայաստան, Վրաստանից թուրքական լոլիկ էր բերվում շուկան հագեցնելու համար։ Այս առումով ևս խնդիրները շատ էին, տեղի արտադրողը չէր կարողանում իր արտադրած լոլիկը իրացնել, ի դեպ, թուրքական լոլիկը ներկրվում էր այլ մթերքի անվան տակ։
Այժմ, թուրքական լոլիկի վերաարտահանմամբ պայմանավորված, իրավիճակն ավելի է բարդացել։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` որոշ խոշոր բեռնափոխադրող ընկերությունների, այդ թվում՝ «Սպայկայի», դատարկ մեքենաներն ուղևորվում են Վրաստան, այնտեղ բեռնում թուրքական լոլիկ, որը և արտահանում են ՌԴ։
Մեծ քանակության դեպքում չեն կարողանում բոլոր հետքերը ջնջել, երբեմն լոլիկների վրա մնում է թուրքական մակնշումը, նաև «կարանտին» բանջարեղենը, որն էլ ՌԴ սահմանին «մատնում է» լոլիկի ծագումը։
Իհարկե, հատկապես «Սպայկան» ՌԴ-ում խնդիր ունի շուկան պահելու, դրա համար էլ մեծաքանակ լոլիկ է «հայթայթում»: Կա նաև այլ խնդիր՝ թեև «Սպայկան» ՀՀ-ում ջերմոցային տարածքներ ունի, սակայն ոչ այն քանակությամբ, որն անհրաժեշտ է։ Այդ իսկ պատճառով, ոչ թե տեղի արտադրողներից է լոլիկ գնում, որը թանկ արժե, այլ թուրքական լոլիկ է վերաարտահանում՝ հարվածելով ոչ միայն իր իմիջին, այլև երկրի։
Իհարկե, «Սպայկան» այժմ փորձում է իմիջը փրկել․ ընկերությունում տարբերակներ են մտածում, սակայն քանդելն ավելի հեշտ է, քան տարիներով կառուցած հեղինակությունը պահելը։
Արդեն ռուսական կողմը զգուշացում արել է Գյուղնախարարությանը՝ ավելի մասնագիտորեն աշխատելու համար։ Կա տարբերակ, որ ՌԴ-ն կարող է արգելել ՀՀ-ից բանջարեղենի արտահանումը, քանի որ առաջին անգամ չէ, որ նման խնդիրներ են ի հայտ գալիս: Այս պարագայում մեծ հարված է հասնելու նաև ծիրան արտադրողների համար։
Արդեն սկսվել են ծիրանահավաքի նախապատրաստական աշխատանքները, և եթե ՌԴ-ն որևէ քայլ ձեռնարկի Հայաստանից արտահանվող միրգ-բանջարեղենի առանչությամբ, ՀՀ տնտեսությունը կհայտնվի ճգնաժամի մեջ։ «Սպայկայի» ներդրումն այս առումով իսկական «արջի ծառայություն» է երկրին։