Արփինե Հովհաննիսյանն ու Կոստանյանը փոխել են իրենց դիրքորոշումը
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Հանրապետական խմբակցության պատգամավորները պաշտպանում են կառավարության նիստերը բաց անցկացնելու առաջարկը։
Հիշեցնենք, որ մինչև Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, նույն խմբակցությունը քննարկում էր բաց նիստերը դռնփակ անցկացնելու հարցը, ինչը հաջողվեց։
Նիստերին մասնակցելու իրավունքից զրկվել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Այժմ հանձնաժողովի Հանրապետական նախագահ Գևորգ Կոստանյանը պնդում է, որ պետք է օրենքներում կատարվեն համապատասխան փոփոխություններ, որպեսզի ՄԻՊ-ը վերականգնի նիստին մասնակցելու իր իրավունքը։
Նկատենք, որ նիստերը դռնփակ անցկացնելու առաջարկին չի առարկել օմբուդսմեն Արման Թաթոյանը և համաձայն է եղել չմասնակցել նիստերին։ Հիմա, սակայն, նա կողմ է, որ նիստերը կրկին բաց են լինելու։
Իհարկե, նրա բացատրությունն այս հարցի առնչությամբ այնքան էլ հիմնավոր չէ, այնուամենայնիվ, Արման Թաթոյանը պարզաբանել է․
«Երբ որոշում էր կայացվել, որ անկախ բոլոր մարմինների մասնակցությունը կառավարության նիստերին բացառվելու է, ես չէի ուզենա մասնակցել այդ կառավարության նիստին: Դրա համար ես այդ ժամանակ դրական կարծիք էի տվել, ոչ մի անկախ մարմին չէր լինում, ես գնայի այնտեղ, ի՞նչ անեի: Դա կարող էր սխալ կարծիք ստեղծել կառավարության հետ իմ առնչությունների վերաբերյալ»։
ԱԺ փոխնախագահ, Հանրապետական Արփինե Հովհաննիսյանն էլ կարևորում է, որ նիստերին մասնակցի նաև Գլխավոր դատախազը, ինչպես նաև այլ կառույցների ղեկավարների ներգրավվածությունը։
Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ի նույն այս դեմքերը, ովքեր փորձում են օրենքում փոփոխություններ սահմանել բաց նիստեր անցկացելու համար՝ նույն փութաջանությամբ փորձում էին համոզել, որ դռնփակ նիստերը պարզապես անհրաժեշտություն են։