Գիտական 21 աշխատության հեղինակ «Պիվի Հակոբը» կրկին կգա Ազգային ժողով
Ազգային ժողովում պատգամավորական մանդատների վերաբաշխումները շարունակվում են: «Գրանդ Հոլդինգ»-ի դրածո Գրիգոր Ավալյանի փոխարեն, ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի՝ պատգամավոր կդառնա 195-րդ հորիզոնականը զբաղեցնող Հակոբ Հակոբյանը:
Քանի որ Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրական տարածքից՝ նրան փոխարինելու է նույն ընտրատարածքում ստացած ձայների թվով նրան հաջորդող թեկնածուն, ով Հակոբ Հակոբյանն է՝ հանրությանն առավել հայտնի որպես Պիվի Հակոբ: Թեպետ ինքն, ասում են՝ շատ է նեղվում այս մականունից, մի առիթով էլ ասել է ̀ ինձ Պիվի Հակոբ ասողները անգլուխ ագենտներ են:
Հակոբ Հակոբյանին այդպես անվանում են, քանի որ «Կիլիկիա» գործարանի սեփականատերն է:
Բացի այդ, Հակոբ Հակոբյանը վերջին շրջանում բարելավել է իր բիզնես դիրքերը. նա 2017թվականին բացեց նաև «Դիլիջան» գարեջրի գործարանը և կարմիր թելը կտրելու հրավիրեց երկրի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին:
Հակոբ Հակոբյանի բիզնես հետաքրքրությունները հայաստանյան շուկայով չեն սահմանափակվում. «Դիլիջան» գարեջրի գործարանի արտադրանքն արտահանվում է ՌԴ, ԱՄՆ, Վրաստան, իսկ ոչ ալկոհոլային արտադրանքը ̀ Իրան:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը 2007-2012թթ.-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից, եղել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նույն ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել նաև 2012թ.-ին:
Ըստ կենսագրական տվյալների ̀ հեղինակ է 21 գիտական աշխատության: