Եթե նախարարը ոլորտի լուրջ մասնագետ չէ՝ ինչպե՞ս է նա աշխատելու․ Կարինե Դանիելյան
Սխալ է այն գաղափարը, որ նախարարը միայն քաղաքական պաշտոն է, և դա բավարար է:
Այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:
«Ես բացարձակ չեմ պատկերացնում՝ եթե նախարարը ոլորտի լուրջ մասնագետ չէ՝ ինչպե՞ս է նա աշխատելու, ինչպե՞ս է կոլեգիալ նիստ վարում, եթե չի հասկանում՝ ինչպես է որոշում ընդունում: Ես կարծում եմ՝ պետք է անպայման ոլորտում հայտնի և ընդունված մասնագետների կարծիքները հաշվի առնվեն, իհարկե, քաղաքական կոմպոնենտը կա, բայց կոմպրոմիսային որոշում պետք է գտնել»,- ասաց նա:
Կարինե Դանիելյանի խոսքով` շրջակա միջավայրի կապն առողջապահության հետ փորձում են հերքել և՛ Առողջապահության նախարարությունը, և՛ Բնապահպանության նախարարությունը, մինչդեռ վիճակագրությունը ցույց է տալիս, որ կան վայրեր, որոնք առավել վտանգավոր են բնակչության, հատկապես՝ երեխաների առողջության համար:
«Մենք դուրս եկանք հանքարդյունաբերության ոլորտների վրա, հատկապես՝ Լոռի, Սյունիք: Լոռիում ամենաաղետալին է: Միայն տեսնեք այն տվյալները, որոնք ստացվում են շրջակա միջավայրից: Իսկ Առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում է, որ ծածկի այդ խնդիրները, միայն խոսում է՝ այ, ծխելը, խմելը»,- ասաց բնապահպանը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում այս տարիների ընթացքում առաջնահերթը եղել է մի խումբ մարդկանց հարստացումը և ոչ երկրի շահերը:
«Իսկ որտե՞ղ կարելի է արագ հարստանալ՝ հանքարդյունաբերության և քաղաքաշինության մեջ․ այս առումով Հայաստանը դարձավ հումքային կցորդ մյուս երկրների համար, արդյունքում մենք այնպիսի խնդիրներ ունենք, որ անընդհատ բարձրաձայնում ենք, բայց արձագանք չենք ստանում»,- ասաց Դանիելյանը:
Նա այն կարծիքին է, որ կառավարության կազմը որոշելիս պետք է անպայման ոլորտում հայտնի և ընդունված մասնագետների կարծիքները հաշվի առնվեն։