Նոր մանրամասներ՝ ցմահ դատապարտված դանիացի գյուտարարի կատարած հանցանքից
Դանիացի գյուտարար Պետեր Մադսենը, ով դատապարտվել էր ցմահ ազատազրկման շվեդ լրագրող Կիմ Վալի սպանության համար, բողոքարկել է դատարանի վճիռը:
Ավելի վաղ՝ այս տարվա ապրիլ ամսին, Մադսենը մեղավոր ճանաչվեց լրագրողի սպանության ու նրա մարմինն անդամահատելու մեջ: Լրագրողի մասնատված մարմինը հայտնաբերվել էր 2017 թվականի օգոստոսին՝ այն բանից հետո, երբ նա գնացել էր Պետեր Մադսենից հարցազրույց վերցնելու և այդ օրվանից ի վեր, շուրջ 11 օր, անհետ կորած էր համարվում:
Լրագրողի մարմնի վրա դանակի հարվածների բազմաթիվ հետքեր կային, ինչն էլ մահվան պատճառ էր հանդիսացել: Դատարանը Մադսենին մեղավոր ճանաչեց կանխամտածված սպանության մեջ, սակայն վերջինս չի ընդունել իր մեղքը, այլ միայն ընդունել է, որ ինքն է կնոջ մարմինը մասնատել: