Հասմիկ Պապյանը նախարա՞ր, թե՞ ոչ. քննարկումները եռում են
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո մշակութային հասարակությունը ցայտնոտի մեջ է հայտնվել: Վարչապետ չկա, նախարար չկա, իշխանություն չկա, մի խոսքով՝ մշակույթի պես զգացմունքային դաշտը բարձիթողի վիճակում է:
Այս օրերին մշակույթի գործիչների համար հավանական թեկնածու նախարարի պաշտոնում օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն է, ով թեպետ դեռ իր համաձայնությունը չի տվել, ավելին՝ նաև չի ցանկանում, բայց շատերն են ուզում իրեն այդ պաշտոնում տեսնել:
«Հասմիկը մի քանի լեզվի է տիրապետում, մշակույթը վերից վար իմացող, արիստոկրատ կին է, ով լավագույնս կարող է այդ պաշտոնը զբաղեցնել և Հայաստանի մշակույթն իր լայն կապերի միջոցով տարածել ողջ աշխարհում, ամուր կապեր ստեղծել և այդ առումով ակտիվացնել կյանքը մեր երկրում»,- նման տեսակետ են հայտնում Պապյանի թեկնածությունը ցանկացող գործիչները:
Չնայած այն հանգամանքին, որ Ամիրյանի նկատմամբ դժգոհությունները մեծ չէին, բայց տեղի ունեցած փոփոխություններից հետո արմատական փոփոխություններ են ակնկալվում՝ ոչ միայն անձով պայմանավորված, այլ նաև կուտակված բազմաթիվ խնդիրները լուծումներ են պահանջում. սա է պատճառ դառնում նաև Պապյանի հանդեպ հակընդդեմ կարծիքների համար: Քննարկումներում կան պնդումներ, որ Պապյանն այդքան էլ լավ մենեջեր չէ, և կուտակված լուրջ, արմատական խնդիրները դժվարություններ կառաջացնեն նրա համար: Բացի այդ, այս ոլորտում էլ կան կոկորդին սուր ոսկորի նման կանգնող «օլիգարխներ», որոնց հաղթահարելը փափուկ դեմքով մարդու համար չէ: