Այս տարի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ չի հանձնվի
Այս տարի Նոբելյան մրցանակ հանձնող շվեդական ակադեմիան որոշել է չհանձնել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը՝ սկանդալի պատճառով: Սկանդալի կիզակետում է հայտնվել մրցանակի ժյուրիի անդամներից մեկի ամուսինը՝ լուսանկարիչ Ժան Կլոդ Առնոն, ով մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:
Սակայն Շվեդական ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ դա չի խանգարի մյուս ոլորտներում Նոբելյանq մրցանակի արժանացածներին իրենց մրցանակը հանձնելուն: Լուսանկարիչ Առնոն 1992 թվականին Նոբելյան մրցանակի ժյուրիի անդամ ընտրված շվեդ գրող Կատարին Ֆրոստենսոնի ամուսինն է, ում նախորդ տարվա նոյեմբեր ամսին 18 կանայք մեղադրեցին իրենց հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Ինքը լուսանկարիչը հերքում է բոլոր մեղադրանքները:
Սկանդալի պատճառով ակադեմիան որոշում կայացրեց դուրս թողնել Ֆրոստենսոնին ակադեմիայի անդամների ցուցակից: Դրան զուգահեռ պարզ դարձավ, որ ակադեմիայի որոշ անդամներ խախտել են կարգը, և մինչ մրցանակաբաշխությունը տեղեկություն են տարածել այս կամ այն ոլորտում մրցանակի արժանացսծ մասնակցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Նոբելյան մրցանակը հանձնվում է 1901 թվականից ի վեր և վերջին անգամ գրականության ոլորտում մրցանակի հանձնումը հետաձգվել է 1943 թվականին՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին: