Ժամանակը կգա՝ կիմանաք. ինչպես կքվեարկի Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը
Մայիսի 8-ին կայանալիք քվեարկության վերաբերյալ խմբակցությունը քննարկեց և իր դիրքորոշումը հայտնեց: Հիմա ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի ինքը մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության ժամանակ, Կոստանյանն ասաց, որ երբ ժամանակը գա, մարդիկ կիմանան:
«Երբ որ ժամանակը գա, դուք ինքներդ կտեսնեք, թե ինչպես կքվեարկեմ, բայց ես հայտնեցի իմ քվեարկության պատճառները, այդ թվում՝ իմ հայտարարությամբ և դեռևս այդ պատճառների փոփոխության հիմք ես չեմ տեսնում»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության 58 պատգամավորից միայն Ֆելիքս Ցոլակյանը կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Գրիգոր Ավալյանն էլ ներկա չէր նիստին, ավելի ուշ նա մանդատը վայր դնելու մասին դիմում ներկայացրեց:
Մայիսի 2-ին Հանրապետական խմբակցությունը հայտարարություն տարածեց, որով տեղեկացրեց, որ կսատարի Ազգային ժողովի 1/3-րդ կողմից առաջադրած թեկնածուին: