Մեր որոշումը կլինի միասնական. Վահրամ Բաղդասարյան
Հայտարարության տեքստը ընթերցեք, և ամեն ինչ այնտեղ կա: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք միասնակա՞ն է քվեարկելու ՀՀԿ-ն վարչապետի ընտրությանը:
«Մեր որոշումը կլինի միասնական և մենք ամսի 8-ին կունենանք վարչապետ»,- ասաց Բաղդասարյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե նախկինում էլ էր նույն բանն ասում, Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք լավ չեք հետևում, նախկինում մենք չէինք խոչընդոտում քվեարկության կայացմանը, իսկ այժմ մենք կօժանդակենք»։
Ճշգրտող հարցին, թե այսինքն՝ ինչ-որ մարդիկ կո՞ղմ կքվեարկեն, Բաղդասարյանը հարցին հարցով պատասխանեց՝ որ չքվեարկեն, ո՞նց կանցնի:
«Այդ հարցերը թողեք մեզ, թե ինչպես չորոշենք քվեարկել»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ ի պատասխան այն հարցի, թե ստացվում է, որ ՀՀԿ-ն ազա՞տ կքվեարկի: