Ինչպես հայ երկրպագուներն են ասում՝ «Ռեալը» դարձել է ֆուտբոլային աշխարհի ՀՀԿ-ն
Արդեն երեկ պարզ դարձավ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցելու են Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Լիվերպուլը»։ Հստակ կարելի է նշել, որ մրցաշրջանի առաջին մասում, երբ իսպանական թիմը ձախողում էր խաղերը, քչերն էին հավատում, որ արքայական ակումբը կհասնի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ։
Սակայն Զիդանն ու իր թիմի ֆուտբոլիստները կարողացան դուրս գալ այս բարդ իրավիճակից։ Իսկ «Լիվերպուլի» հաջողությանը նույնպես չեն հավատում։ Սակայն փաստը մնում է փաստ․ այս երկու թիմերն արդեն եզրափակչում են։
Իսպանական թիմի հաջողությունը տարբեր արձագանքներ ստացավ։ Մի շարք սպորտային վերլուծաբաններ նշեցին, որ այս տարի նույնպես մրցավարական սխալների արդյունքում եզրափակիչ դուրս չեկան այն թիմերը, ովքեր պետք է դուրս գային։
Իսկ հայ երկրպագուներից շատերը Ֆեյսբուք սոցիալական ցանցում շատ հետաքրքիր համեմատականներ տարան ՀՀԿ-ի հետ ու նշում էին, որ վերջին տարիներին «Ռեալը» դարձել է «անփոխարինելի» ու եզրափակչում միայն այս թիմին ենք տեսնում։
Հավելենք նաև, որ Զիդանի սաները երրորդ տարին անընդմեջ կխաղան ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչում։