Կոստանյանին բարդ հարցեր, պարզ պատասխաններ
«Ոչ թե լուծում չկա, այլ ես պատասխանը չունեմ․ բարդ հարցեր եք տալիս»,- այսօր խորհրդարանում իրավիճակի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը։
Դիտարկմանը, թե նախօրեին Նիկոլ Փաշինյանի ընտրությունից առաջ ասվում էր, որ ՀՀԿ-ն դեմ կքվեարկի, արդյոք նույնը կարո՞ղ է ասել նաև մեկ շաբաթ հետո կայանալիք ընտրության մասին, Կոստանյանը նշեց, որ մինչև մյուս քննարկումը մեկ շաբաթ կա։
Պարզվում է՝ դիրքորոշումների հետ կապված, նա դժվար է կանխատեսումներ անում՝ պատճառաբանելով, որ կուսակցական չէ և կուսակցական որոշումներին չի մասնակցում, սակայն տեղյակ էր, որ ՀՀԿ-ում միակ որոշում կայացնողը Սերժ Սարգսյանը չէ․ որոշումները կայացվում են կոլեգիալ նիստում։
Նա նաև տեղյակ չէր, որ ՀՀԿ-ն մտադիր է «Ծառուկյան դաշինք»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանին կողմ քվեարկել։
Ի դեպ, Կոստանյանն ունի վարչապետի իր թեկնածուն, սակայն նրա անունը չհրապարակեց։ Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցին, պատասխանեց, որ չի կարծում՝ նման հետևության հանգելու բացարձակ հիմքեր կան, բայց չի էլ կարող դա բացառել։
«Դրանք սահմանադրական լուծումներ են, որոնք պահանջում են քաղաքական գնահատական, այսինքն՝ դա քաղաքական նպատակահարմարության հարց է»,- ասաց նա։