Կմասնակցի՞ արդյոք Փաշինյանը Մուկուչյանի կազմակերպած ընտություններին. նրա պարզաբանումը
Միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ Երևան մտնող բոլոր ճանապարհները փակ են: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց վարչապետի չընտրված թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով առկա իրավիճակը Հանրապետությունում:
«Դե յուրե պետք է վարչապետի նոր ընտրություն տեղի ունենա կամ եթե տեղի չի ունենում այդ ընտրությունը, ապա պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Մենք վերլուծում ենք սցենարները և բոլոր սցենարների դեպքում էլ հաամաժողովրդական շարժումը չի կարող չհաղթել: Դու տեսնում եք՝ ինչ է կատարվում, և ժողովուրդը, որ զգացել է հաղթանակի շունչը, կարծում եմ՝ չի կարող ձեռքից բաց թողնել այդ հաղթանակը»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ այն, ինչը կատարվում է «կաբինետներում», էական չէ, էականն այն է, ինչը կատարվում է փողոցներում:
«Հայաստանում էլ իշխանություն-ժողովուրդ հարաբերություն չի լինելու, կապ չունի, թե ով կլինի իշխանության՝ ես կլինեմ, ուրիշը կլինի, դա տեխնիկական հարց է, բայց իշխանություն-ժողովուրդ հին հարաբերությունը չկա այլևս և չի լինելու: Այն, որ դպրոցականներն են մասնակցում այս պրոցեսին, դա երաշխիք է, որ ոչ թե 10,20, այլ 100 տարի այդպես չի լինելու և այդ ավանդույթը շարունակվելու է: Այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարական ապագային որևէ բան չի սպառնում»,- նշեց վարչապետի ժողովրդի թեկնածուն:
Խոսելով զարգացումների հնարավոր սցենարների մասին՝ նա ընդգծեց, որ յուրաքանչյուր սցենարի դեպքում ունեն գործողությունների համապատասխան պլան:
Հարցին, թե ինքը կմասնակցի՞ Մուկուչյանի կազմակերպած ընտրություններին, Փաշինյանը պատասխանեց, որ դա կախված կլինի մթնոլորտից, որովհետև եթե պրոցեսն ընթանում է այս ծավալով, ապա ամեն օր իրավիակի փոփոխություն է տեղի ունենում. «Վերջին 15 օրվա ընթացքում ՀՀ-ում իրավիճակն ամեն օր փոխվում, շուտով կփոխվի ամեն ժամ, և դա կախված կլինի իրավիճակի վերլուծությունից: Նպատակը մեկն է՝ ճնշումը մեծացնել մինչև իշխանափոխություն»: