Հարցեր, կոչեր, բոցաշունչ ելույթներ. արդյունքում վարչապետ չընտրվեց, իսկ 2 պատգամավոր զրկվեցին իրենց մանդատից. քվեարկության ամփոփում
Այսօր, մայիսի 1-ին, Ազգային ժողովը հատուկ նիստ էր գումարել, որի օրակարգի միակ հարցը ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրել-չընտրելն էր: Նիստը տեւեց բավականին երկար: Եղան բազմաթիվ հարցեր՝ ուղղված վարչապետի միակ թեկնածուին, եղան կոչեր, բոցաշունչ ելույթներ, հարենասիրական ճառեր: Այս ամենն ավարտվելուց հետո քվեարկության դրվեց Նիկոլ Փաշինյանի վարչապետության հարցը:
Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ծառուկյան» ու ԵԼՔ խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու ժողովրդի թեկնածուի օգտին: Հանրապետականը, երեկ եւ այսօր տեւած բազմաթիվ հարցադրումներից հետո հայտարարեց, որ դեմ է քվեարկելու: Մեծ հաշվով՝ ամեն ինչ եղավ այնպես, ինչպես հայտարարել էին խմբակցությունները, բայց՝ փոքրիկ շեղումներով, որոք իրականում խոսում են կուսակցությունների ներսում առկա մեծ խնդիրների մասին:
ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանն, օրինակ, հայտարարել է որ ինքը դեմ է քվեարկել Փաշինյանին, սակայն տեխնիկական խնդրի պատճառով դա չի արձանագրվել:
ՀՀԿ-ից Գրիգոր Ավալյանն այսօրվա նիստից բացակայում էր, իսկ երեկոյան վայր դրեց պատգամավորական մանդատը:
Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Ֆելիքս Ցոլակյանը, «խղճի թելադրանքով», բացեիբաց կողմ է քվեարկել Փաշինյանին:
ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, դեմ գնալով կուսակցության միասնական որոշմանը, դեմ քվեարկեց Փաշինյանին եւ արժանացավ հարազատ կուսակցության ցասմանը:
«Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը»,- ասված էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի տարածած հաղորդագրությունում:
Ստորեւ կարող եք ծանոթանալ, թե ովքեր են կողմ եղել Նիկոլ Փաշինյանին և ովքեր՝ դեմ: