Ինչպես է Իրանը խաբել ամբողջ աշխարհին. նոր սկանդալ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել, որ Իսրայելին հաջողվել է ձեռք բերել փաստաթղթեր, որոնցից պարզ է դառնում, որ Իրանը խաբել է ամբողջ աշխարհին՝ ասելով, որ սառեցրել է իր միջուկային ծրագիրը:
Իսրայելի վարչապետն ասել է, որ իրենց մոտ են հայտնվել այդ մասին փաստող փաստաթղթերը, որոնք պահվել են Թեհրանում: Իսրայելական գաղտնի ծառայությանը հաջողվել է ձեռք բերել հիսուն հազար թերթ գաղտնի և նույնքան էլ էլեկտրոնային փաստաթղթեր:
2015 թվականին, երկար բանակցություններից հետո, Իրանը համաձայնեց սառեցնել միջուկային ծրագիրը, որպես փոխհատուցում ստանալով իր հանդեպ սանկցիաների կիրառման թեթևացում: Մինչ միջուկային ծրագրի սառեցումը՝ Իրանը պնդում էր, որ ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:
Նեթանյահուի ելույթից առաջ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Իսրայելի վարչապետը խաբում է ժողովրդին: Մինչ այդ հայտարարությունը, Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է չեղարկել Բարաք Օբամայի օրոք կնքված միջուկային ծրագրի հետ կապված համաձայնագիրն Իրանի հետ: