6 տարի առաջ գողացված սրբի սիրտը հայտնաբերվել է Դուբլինի քաղաքային այգում
Դուբլինի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել կաթոլիկ եկեղեցու սրբի սիրտը, որը տեղի եկեղեցիներից մեկից գողացվել էր վեց տարի առաջ: Սուրբ Լոուրենս Օ թուլի սիրտը հայտնաբերվել է Դուբլինի քաղաքային այգում՝ անվնաս:
Այս տարօրինակ գողությունը տեղի էր ունեցել 2012 թվականին Դուբլինի Քրիստոսի տաճարից: Ինչպես հայտնում է տեղի ոստիկանությունը, գողը նախապես թաքնվել է եկեղեցում, և երբ եկեղեցին դատարկվել է, վերցրել է փայտե տուփը, որտեղ պահվում էր սրբի մասունքը, և հեռացել:
Նշվում է նաև, որ մինչ հեռանալը նա երկու մոմ է վառել եկեղեցում: Իռլանդական եկեղեցու արքեպիսկոպոսը չորեքշաբթի օրն անձամբ ոստիկանությունից հետ է ստացել սրբի մասունքը: