ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով. «Արմենպրես»
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ունի իշխող Հանրապետական կուսակցության անունից այլ քաղաքական ուժերի հետ երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելուն միտված բանակցություններ վարելու մանդատ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Կարեն Կարապետյանն այն գործիչն է, ով ունի մանդատ հանրապետական կուսակցության անունից ցանկացած գործչի, կուսակցության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բանակցել և ներկայացնել մեր տեսակետը: Մենք նրան այդ մանդատը տվել ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Շարմազանովը:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրեն ՀՀԿ-ական պատգամավորներ են զանգել և հայտնել, որ Կարեն Կարապետյանը իրենց անունից չի բանակցում, Շարմազանովն ասաց, որ չգիտի, թե ովքեր են զանգահարել Փաշինյանին և նման բան ասել: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այն անձինք, որոնց ներկայությունը Նիկոլ Փաշինյանը ցանկալի էր համարել Կարեն Կարապետյանի հետ բանակցություններում` Արա Բաբլոյանը և Վահրամ Բաղդասարյանը, նման բան չեն ասել: Եթե մնացած մարդիկ ասել են, չեմ կարող ասել, թե ով է իրեն նման բան ասել ու չեմ էլ ցանկանում հիմա հեռակա բանավեճի մեջ մտնել Փաշինյանի հետ: Հանրապետական խմբակցությունն այդ բանակցությունների մանդատը տվել է Կարեն Կարապետյանին»,- ընդգծեց Շարմազանովը: