Վարդան Արամյանն ի՞նչ է սովորել մոնղոլ-թաթարներից
Եթե եկամտահարկը նվազի 23 տոկոսով, աշխատավարձերը կբարձրանան: Այսօր հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:
Նշենք, որ 2018թ.-ի հունվարի մեկից բարձրացան դրույքաչափերը, որից հետո բարձրացավ եկամտահարկը՝ մինչև 28 տոկոս, արդյունքում՝ աշխատավարձերը նվազեցին:
Պարզվում է՝ ինչպես այն ժամանակ հայտարարում էր Արամյանը՝ բյուջեում կայուն եկամուտներ են պետք, որպեսզի որոշ աշխատանքներ իրականացվեն՝ համայնքային, համահարթեցման և այլն:
2017թ.-ին ֆինանսների նախարարությունը և ՊԵԿ-ն այլ ճանապարհ չէին գտել բյուջեն լցնելու, քան մտնել մարդկանց՝ առանց այն էլ նեղլիկ գրպանները: Բարձրացրեցին եկամտահարկը՝ աշխատավարձերը նվազեցին:
Այսօր պարզվում է, որ հնարավոր է եկամտահարկը հետ վերադարձնել: Արդյունքում աշխատավարձերը կբարձրանան, անգամ պետք չէ աշխատավարձերը բարձրացնել, դրանք պարզապես կբարձրանան եկամտահարկի նվազմանը զուգընթաց:
Ի դեպ, աշխատավարձերի բարձրացում, ի տարբերություն եկամտահարկի բարձրացման, վերջին տարիներին տեղի չի ունցել, սակայն ուսումնասիրելով գերատեսչությունների ծախսերը, չի կարելի ասել, որ նրանք իրենց նեղություն են տվել, կամ կրճատել են իրենց ծախսերը:
Կարծես թե օրինաչափ էր, որ մարդկանց գրպանի հաշվին գերատեսչություններում, նրանց կցված ՊՈԱԿ-ներում, հարակից այլ կառույցներում օգտվում էին պետական բյուջեից այն ժամանակ, երբ աղքատությունը կամ ցածր եկամուտը սովորական էր հասարակության համար:
Ոչ ոք չի կարող հակառակը համոզել, որ նման ցածր եկամուտներ ունեցող երկրում կոռուպցիան չի ծաղկի: Երբ աշխատավարձը մեկ ամիս չի բավականացնում, այն համալրելու ուղիներ են փնտրում, որոնցից մեկն անաշխատ փողեր գտնելն է, որն էլ, ի դեպ, գերատեսչություններում իրականցվում էր՝ ուռճացված աշխատակազմ, ամեն տեսակ փորձագետներ, օգնականներ, ռեֆերենտներ և զանազան այլ հաստիքները մի կողմից, տարբեր գումարների դուրսգրումը՝ մյուս:
Կարճ ասած՝ աշխատավարձերի բարձրացման տարբերակ կա առանց աշխատավարձերը բարձրացնելու: Չի բացառվում, որ իրենց նեղություն էլ չեն տվել բոյւջեն այլ տարբերակներով լցնելու, մնացել են հարկահավաքության բարձրացման հույսին:
Ի դեպ, պատմությունից է հայտնի, որ մոնղոլ-թաթարները, արաբները, նաև Հայաստանը հարստահարող այլ ազգերը միշտ ծանրացնում էին հայ ժողովրդի հարկային բեռը: Ինչպես տեսնում ենք՝ նախ՝ լավ էին սերտել պատմությունը, հետո էլ՝ ոչինչ չի փոխվել: