Թան չէ՝ փրթած մածուն. ՀՀԿ-ն ընդդիմադի՞ր
Կարծես թե ՀՀԿ-ն որոշել է ընդդիմադիր դառնալ, քանի որ իշխանությունը կորցնելուց հետո, իսկ այն արդեն դե ֆակտո կորցրել է, այլ գործ չի մնում, քան ընդդիմադիր դառնալը:
Այստեղ արդեն սկսվում է կոմեդիան: Պատկերացնել կարելի է, որ Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Էդուարդ Շարմազանովը և մյուս կարկառուն կամ կիսակարկառուն երդվյալ ՀՀԿ-ականները սկսեն պաշտպանել ժողովրդի շահերը կամ կանգնեն ժողովրդի կողքին՝ առանց մի լավ ցախավել չուտելու:
Որովհետև այլ տեղ, քան ընդդիմության մեջ, ՀՀԿ-ն տեղ չունի: Չի բացառվում նաև լուծարման ճանապարհը՝ չկա իշխանություն, չկա ՀՀԿ: Այս կառույցն արդեն տարիներ շարունակ կանգուն է միայն իշխանություն պահելու, իշխանության մեջ մտնելու համար: Չկա որևէ գաղափարախոսություն կամ կողմնորոշում, իսկ խեղճ Նժդեհը պարզապես ՀՀԿ-ականների ձեռքը կրակն էր ընկել:
Կան ՀՀԿ-ականներ, ովքեր տեղյակ չեն, թե ով է Նժդեհն ընդհանրապես, ինչ դերակատարում է ունեցել. միայն գիտեն, որ նա է ՀՀԿ-ի համար ամենաընդունելին:
Իհարկե, հայաստանյան նման իրավիճակը շատ քչերի համար էր կանախտեսելի, սակայն կա մեկ հարց: Պետք չէ ժողովրդին պահել ստրկության, աղքատության, սովի, գործազրկության, սուտ ու սին խոսքերի, նկարված աճերի, սոցիալական անարդարության մեջ, մի օր այդ ամենը լցվելու է և հորդելու է փողոց, ինչն էլ եղավ, իսկ այդ նույն փողոցում ՀՀԿ-ն տեղ չունի:
ՀՀԿ-ում աղքատներ չկան. այս կուսակցության համար արդարության խնդիրը լուծված է, եթե արտագաղթ, ապա միայն սեփական բնակարաններ՝ աշխարհի տարբեր ծայրերում, իսկ նկարչությունն իշխանություն պահելու համար է:
Իսկ այս պարագայում, թե որտեղ է լինելու ՀՀԿ ընդդիմությունը, ուղղակի հետաքրքիր է:
Այստեղ նաև խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ում բոլորը են նույն կատեգորիայի, այլ այն, որ մարդկանց մեջ այնքան խորն է ատելությունը ՀՀԿ-ի նկատմամբ, այնքան էր ամենաթողություն, որ ներելու խնդիրը դժվար է: Եվ իզուր չէ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ՀՀԿ-ականներն անմիջապես աստղերից իջան ցած և այն աղքատությունը և անհավասարությունը, որը հաշվի չէին առնում՝ միանգամից աքացի տվեց:
Ի դեպ, հաճախ էին ՀՀԿ-ից ասում, որ դուք ժողովրդին չեք ներկայացնում: Այսօր փողոցում ժողովրդի զգալի հատվածն է, իսկ ողջ ժողովրդի՝ փողոցում ներկայության պարագայում ՀՀԿ-ին սրբած-տարած կլիներ: Այնպես որ՝ ՀՀԿ-ականներին պետք է հիշեցնել, որ պետք չէ ամեն անգամ աչք մտցնել ողջ ժողովուրդը, քանի որ ողջ ժողովրդի՝ փողոցում հայտնվելու պարագայում՝ ոմանք անգամ սեփական ավտոմեքենայի դռանը չէին հասնի՝ բախտներն ուղղակի բերել է:
Սասանված իշխանություն, փակված փողոցներ: Ո՞ւր է գնալու ՀՀԿ-ն: