Կանխվել է մի խումբ կալանավորների փախուստի փորձը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են մի խումբ կալանավորների բռնության զուգորդմամբ փախուստի փորձը. հարուցվել է քրեական գործ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
«2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները: Դրանից հետո, նշված խցերում գտնված՝ կալանավորված այլ անձանց հետ փորձել են դուրս գալ մասնաշենքից և կալանավորվածներին պահելու վայրից դիմել փախուստի, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ նրանց գործողությունները կանխվել են քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից:
Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»: