ՀՀԿ-ն մերժում է Սերժին
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ականներն ավելի քան պահանջված էին: Մշտապես հասանելի Շարմազանովն այսօր տրամադրություն չուներ կիսվելու իր մտքերով լրագրողների հետ. «Շարմազանովին հանգիստ թողեք»: Այսպես՝ երրորդ դեմքով է նա խոսում իր մասին:
Գերադասեց ավելին չասել, քան վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը. ո՞վ գիտե, չէ՞ որ նա նորաթուխ ՀՀԿ-ական է և հայտնի չէ՝ ինչպես կվերաբերվի Շարմազանովի մեկնաբանություններին. Սարգսյանն էլ Շարմազանովի «պապան» չէ:
Վահրամ Բաղդասարյանը ևս հակված չէր խոսելու լրագրողների հետ: Տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ նախագահի պաշտոնից հեռանալու նախագիծն օրակարգում է և շուտով ՀՀԿ-ի թեկնածու վարչապետն ի հայտ կգա: ՀՀԿ-ականները շուտով իրենք են մերժելու Սերժին:
ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը ևս ունիկալ էր՝ հայտարարեց, որ լրագրողները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ. երևի մոռանում է, որ ինքը ևս լրագրող էր և զբաղվում է քաղաքականությամբ, թեև՝ ՀՀԿ-ում և Սերժ Սարգսյանի հովանու ներքո, բացի այդ, բավականին զգացմունքային է պատասխանել իր նախկին կոլեգաների հարցերին, իսկ վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին էլ պատասխանել է, որ ՀՀԿ-ն ում որոշեց՝ նա էլ կլինի վարչապետ:
Այսպիսի բաներ, այսպիսի նախկին լրագրող, ներկա՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայան:
Չի բացառվում, որ տիկին Եսայանին կեղեքում է ՀՀԿ-ական լինելու հանգամանքը, որով մի քանի օր առաջ հպարտանում էր, իսկ Սերժին մերժելուց հետո դարձել է պարզապես նյարդային:
Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հարցադրմանը, ապա պարզվում է՝ նա իր նախկին կոլեգաների նկատմամբ առանձնապես սեր չի տածում և հորդորել է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրեն հարցեր չտալ:
Աշխարհ, աշխարհ.... Մի օր թամբին է, մի օր՝ թամբն է ուսին: