«Մենք երբեք չենք ասել, որ փողոց դուրս գալը սխալ ենք համարում». Էդմոն Մարուքյան. Ազատություն Ռ/Կ
«Բնականաբար ողջունում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել է «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կատարվածը «միանշանակ հաղթանակ» համարելով: «Որևէ մեկս 10 օր առաջ չէր կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ»,- ասաց Մարուքյանը, հավելելով՝ իրավիճակի մնացած բոլոր տարբերակները կարող էին տանել «տոտալ արյունահեղության», հետևաբար՝ Սարգսյանի քայլը «շատ ճիշտ էր»:
Հարցին՝ դուք ընդունու՞մ եք, որ սխալվեցիք, և իրականում ճիշտ էր հենց Նիկոլ Փաշինյանի ընտրած մարտավարությունը, որը, փաստորեն, բերեց հաղթական ավարտի, Մարուքյանը պատասխանեց․ «Բայց դուք ի՞նչ գիտեք, մենք ինչ ենք քննարկել և ինչում ենք սխալվել: Մենք երբեք չենք ասել, որ փողոց դուրս գալը սխալ ենք համարում: Մեթոդաբանության տարբերություն է եղել:
Բնականաբար, ես շնորհավորում եմ բոլորիս՝ այս արդյունքի համար, բայց պետք է նաև նշեմ, որ սա ուղղակի մի անձի հրաժարական է, և մենք դեռևս շատ անելիքներ ունենք՝ համակարգային փոփոխությունների համար: Եթե սա միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով է ավարտվելու, բնականաբար, դեռ շատ բան կա քննարկելու»: