ԱՄՆ Հայդուկ միության հայտարարությունը հայաստանյան դեպքերի առթիվ
Հայաստանի անկախությանը հասցվեց ևս մեկ ծանր հարված: Երկրի իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանը և իր գլխավորած բանդան բորենուն բնորոշ նամարդությամբ բռնի ուժ կիրառեց խաղաղ, անզեն ցուցարարների նկատմամբ:
Մարդաորսի արդյունքում ճաղերի հետևում են հայտնվել Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, շարժման այլ առաջնորդներ և քաղաքացիներ:
Թաթար-մոնղոլական իշխանությունը փորձում է կործանել հայոց պետականությունը: Սակայն մեր փառապանծ ժողովուրդը ոտքի է կանգնել և մենք համոզված ենք, որ անկախության և ազատության համար պայքարը կհասցնի տրամաբանական Հաղթանակի: Կեցցե Հայ Ժողովուրդը, Կեցցե մեր աննկուն Երիտասարդությունը:
Մենք կոչ ենք անում ամբողջ Հայ ազգին, Հայրենիքում և ի Սփյուռս աշխարհի, միանալ մեր երիտասարդության առջնորդած Սուրբ Պայքարին:
Միաժամանակ Սերժ Սարգսյանին զգուշացնում ենք, որ մեր երկիրը ցնցումներից հետ պահելու համար նա պետք է ժամ առաջ հրաժարվի իր պաշտոնից: Նոր Մարտի 1 սարքելու իր սպառնալիքը հազարապատիկ ուժով հարվածելու է իրեն: Կոչ ենք անում սթափվել և հեռու մնալ Թալեաթ ու Էնվեր դառնալու գայթակղությունից:
Մի առանձին կոչով էլ դիմում ենք մեր ազատամարտիկներին: Եղբայրներ, մենք մեր Հայրենիքը թուրքից պաշտպանեցինք ոչ նրա համար, որ հիմա էլ ներսի թուրքերը փորձեն մեր ժողովրդի արյունը թափել: Կանգնեք մեր ժողովրդի, մեր ոսկե երիտասարդության կողքին, փրկեք մեր երկիրը նոր ենիչերիներից:
ԱՄՆ Հայդուկ Միություն
22 ապրիլ 2018թ