Չեն լինելու հաղթողներ և պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը. Արմեն Սարգսյանը պատրաստակամ է հանդիպելու Փաշինյանի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Իմ խոր անհանգստությունն եմ հայտնում Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման:
Ուստի դիմում եմ բոլորին՝ մի պահ կանգ առնել և սթափ մտածել, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել այս դիմակայությունը:
Սա քաղաքական կոչ չէ, այլ դիմում եմ ձեզ որպես ծնող, որպես բարեկամ և որպես հայ մարդ:
Կոչ եմ անում բոլորին՝ ցանկացած քայլ անելուց առաջ հանդես բերել ծայրահեղ զսպվածություն և պատասխանատվություն, խստորեն հետևել օրենքի ոգուն և տառին, դուրս չգալ Հայաստանի քաղաքացու իրավունքների և պարտականությունների շրջանակից, դուրս չգալ ձեր պաշտոնական իրավասությունների շրջանակից:
Քաղաքական ցանկացած պահանջ, ինչքան էլ այն հիմնավոր թվա, եթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքը, դառնում է իմաստազուրկ:
Ցավոք, մենք դրա փորձն ունենք և թույլ չպետք է տանք այն կրկնվելու:
Չեն լինելու հաղթողներ եւ պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը:
Անհրաժեշտ է պարպել լարվածությունը: Չպետք է թույլ տալ, որ կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել:
Ուստի, պատրաստակամ եմ հանդիպելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով: