«Ծեծեցին երեխայիս, անձրևանոցը կոտրեցին ու աչքը կապտացրեցին». հուսահատ կինը հուսադրող պատասխան չստացավ
Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնայիցները գտնվում են Նորք-Մարաշ վարչական շրջանում: Այստեղ նրան մոտեցավ մի կին, ով խիստ հուզված էր, քանի որ իր երեխային ծեծել էին:
«Մեքենայից իջան մարդիկ և կապիշոնը գլխներին քաշած՝ ծեծեցին երեխայիս, անձրևանոցը կոտրեցին ու աչքը ձեր աչքի նման կապտացրեցին»,-հուզված ասաց կինը:
Նա նշեց, որ տղայի՝ 11-ամյա Նարեկ Մկրտչյանի հետ, իրենց ամբողջ ընտանիքը հետևում է Նիկոլի շարժմանն ու ակտիվ մասնակցում:
«Ուզում եք ասել՝ ձեզ թիրախավորե՞լ էին»,-հարցրեց Փաշինյանը:
«Այո՛, որովհետև մենք առաջին օրվանից հետևում ենք ձեզ: Խնդրում եմ, պարոն Փաշինյան, չեմ կարողանում գտնել, օգնեք ինձ և…»:
«Այո, հիմա շատ հարմար պահ է, պայմանավորվենք ու հանդիպենք, որ տեսնենք՝ ինչ ենք, անում, եթե նա ազատության մեջ է՝ մենք կգտնենք նրան»,-ասաց Փաշինյանն ու շարունակեց երթը:
Կինը փորձեց էլի ինչ-որ բան ասել, բայց Փաշինյանը հեռացավ: Ցուցարար կինն իր խնդրով փորձեց մոտենալ Արայիկ Հարությունյանին:
Նկատենք, որ մինչ այդ էլ ցուցարարներից մի տղամարդ Փաշինյանին զգուշացրեց, որ իրենցից քիչ այն կողմ ակտիվիստներին բերման են ենթարկում, ինչին Փաշինյանը արձագանքեց:
«Թո՛ղ ենթարկեն, 2 մլն մարդու հո չե՞ն կարողանալու բերման ենթարկել»:
«Բայց բոլորը երեխաներ են»,- պնդում էր տղամարդը:
«Հա՛, ի՞նչ անենք. երեխեքը մի 3 ժամ կնստեն, կհանգստանան, դուրս կգան»: