Սա է առկա խնդիրների լուծման առաջնորդելու ճիշտ ու ապահով ճանապարհը. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 20-ին հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով եւ նվիրել Բարձր Բերդի Ավետարանի կրկնօրինակը: Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետը նաեւ ասել է, թե ՝ «քաջածանոթ լինելով Ձեր անձին եւ երկար տարիների գործունեությանը` լիահույս ենք, որ լավագույնս պիտի արդարացնեք Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած վստահությունը»:
Հանրապետության Նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետը անդրադարձել են վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Նրանք նշել են, որ կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, եւ երկիրը պետք է ընթանա իրական բարեփոխումների ճանապարհով հասարակության բոլոր խավերի եւ առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ:
Հայոց Հայրապետները ողջունել են Հանրապետության նախագահի երկխոսության հրավերը՝ ընդգծելով, որ սա է ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու, առկա խնդիրների լուծման առաջնորդելու ճիշտ ու ապահով ճանապարհը: