Եվրոպայի hայերի hամագումարը հանդես է եկել կոչով
Եվրոպայի hայերի hամագումարը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Սփյուռքի սիրելի հայրենակիցներ,
Այսօր մայրաքաղաք Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում և գյուղերում մեր ժողովրդի ապագան է որոշվում:
Ժողովրդի և հատկապես պայքարի ելած աննման երիտասարդության հուժկու քայլերի տակ, ոտքից գլուխ կոռումպացված և ժողովրդից կտրված իշխանությունները սարսափահար թաքնվել են ոստիկանության վահանակների ու փշալարերի ետևում:
Այս պայքարը արդարացի, ազատատենչ խաղաղ պայքար է հանուն մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների:
Ժամանակն է մենք էլ Սփյուռքում միահամուռ բոլոր միջոցներով առավել հուժկու սատարենք հայրենաբնակ մեր պայքարող ժողովրդին:
Ժողովրդի հաղթանակին մնացել է լոկ մեկ քայլ, դա ոստիկանների և պայքարի ելած ժողովրդի միջև ընկած տարածությունն է, որը պիտի վերացնել եղբայրական գրկախառնումներով և հաղթական ծափերով:
Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, հատկապես այն հայրենակիցներին, ովքեր ունեն ոստիկան հարազատներ ու ծանոթներ, կամ պետական բաժիններում աշխատող հարազատներ ու բարեկամներ, խնդրում և հորդորում ենք կապվել նրանց հետ ու քաջալերել միանալ ժողովրդին:
Զանգահարել բոլորին, խնդրելով հետևել պայքարի ղեկավարության կոչերին և հորդորներին: Քաջալերեք գործադուլը, դասադուլը, որպեսզի պայքարի նոր ալիքներ ստեղծվեն ամենուրեք:
Առաջարկում ենք գործադուլավորների համար Սփյուռքում ստեղծել գործադուլական զանազան ֆոնդեր և աջակցող կոմիտեներ, փակելու համար գործադուլավորների նյութական վնասները:
Եվրոպայի Հայերի Համագումար
Ուփսալա, Շվեդիա
20 ապրիլ 2018 թ.
[email protected]
www.aaeurop.com