ՀՀԿ-ական պատգամավորները ոստիկանական բաժանմունքում այցելել են Դավիթ Սանասարյանին
Այսօր՝ ապրիլի 20-ի առավոտյան, բերման էր ենթարկվել «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա արդեն ազատ է արձակվել:
Սանասարյանին բերման էին ենթարկել երթևեկությունը խոչընդոտելու պատճառով: Ազատ արձակվելուց հետո, լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ոստիկանության բաժանմունքում իրեն են այցելել ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավորներ:
«Հանրապետականները եկան, մեզ ողջունեցին, և ես սպասում եմ, որ կողջունեն մեզ Ազատության հրապարակում, ո՛չ թե ոստիկանական բաժանմունքում, որպեսզի Սերժ Սարգսյանը մնա մենակ»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, որ բաժանմունքում երկու ժամ է անցկացրել և այդ ընթացքում հասցրել է հանգստանալ, ինչի համար շնորհակալ է ոստիկաններին:
Հարկ է նկատել, որ այսօր, ժամը 10:30-ի դրությամբ Երևանի ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել մոտ 40 ակտիվիստ: