Սարգսյանը կառավարության նիստում հայտնել է, որ հրաժարվում է կառավարության նվիրած բնակարանից. Փաշինյան
Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է առանձնատնից, որը մի քանի օր առաջ սեփականության իրավունքով փոխանցվել էր նրան: Այդ մասին կառավարության դիմաց «Քայլ արա, մերժիր Սերժին» ակցիայի մասնակիցներին հաղորդեց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Դա այն նույն առանձնատունն է, որտեղ բնակվում էր Սերժ Սարգսյանը նախագահության տարիներին:
Կառավարության այդ որոշման մեջ ասված էր, որ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
Նիկոլ Փաշինյանը ներկաներին ասաց, որ դա իրենց պայքարի արդյունքն է, սակայն թող Սերժ Սարգսյան չմտածի, թե դրանով կարող են լռեցնել ցուցարարներին:
«Սարգսյանը պետք է հրաժարվի ոչ միայն բնակարանից, այլ նաև վարչապետի աթոռից»,- ասաց Փաշինյանը:
Հատկանշական է, որ բացառապես իշխանությունից կազմված կառավարությունում Նիկոլ Փաշինյանն իր «աղբյուրն» ունի, ով էլ հաղորդել է տեղեկությունը: