«Երևան Սիթի»-ից գնված երշիկի միջից հայտնաբերվել է երկաթի փոքրիկ կտոր, այն վնասել է երեխայի շրթունքը (ֆոտո)
ԱԺ Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում անորակ ապրանքը շարունակում են հրամցնել հաճախորդներին: Բացի այն, որ շատ հաճախ ապրանքանիշի վրա գրված պիտանելիության ժամկետը չի համապատասխանում իրականությանը, սնունդը նաև անվտանգ չէ:
Մասնավորապես, NEWSPRESS.am-ին են ահազանգել մի կին, ում երեխան երշիկի հետ կերել է նաև մետաղի կտոր:
Ավելի ճիշտ՝ չի հասցրել այն կուլ տալ, երշիկն անմիջապես կծելուց հետո երեխայի շրթունքն արյունոտվել է և նա ցավ է զգացել: Խուճապի մատնված մայրը երեխայի բերանից հանել է երկաթի փոքրիկ կտոր:
Նշենք, որ երշիկը գնվել է Դավթաշենի «Երևան Սիթի» առևտրի կենտրոնից:
Թե կոնկրետ որ ֆիրմայի արտադրանքն էր երշիկը, այս պարագայում թերևս կարևոր չէ նշել, քանի որ չի բացառվում, որ իրականում դա տվյալ ֆիրմայի արտադրանքը չլինի, այլ շատ ուրիշ ապրանքների նման՝ կեղծված լինի:
Փաստն այն է, որ երեխայի շրթունքը վնասվել է երշիկի միջից հայտնաբերված երկաթի փոքրիկ կտորից, իսկ երշիկը գնվել է «Երևան Սիթի»-ից:
NEWSPRESS.am-ը հրավիրում է պատկան մարմմինների ուշադրությունը, իսկ եթե «Երևան Սիթի»-ի ղեկավարությունը կցանկանա պարզաբանել կատարվածը, ապա մենք պատրաստ ենք հրապարակել նաև հակառակ կողմի բացատրությունը: