«Ոստիկանը պետք է հասկանար, որ դիմացինն աղջիկ է». Օսիպյանը փորձում էր գտնել աղջկան հարվածած ոստիկանին
Կառավարության 3-րդ շենքի մոտ ոստիկանները մի քանի պատով և օղակով պահում են շենքի մուտքը:
Կառավարության աշխատակիցներից մի քանիսը պատուհաններից հետևում էին դրսում տեղի ունեցող անցուդարձը: Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով նրանց կոչ արեց միանալ իրենց: Նա նաև կոչ արեց ոստիկաններին միանալ իրենց:
«Չեմ հասկանում, ինչո՞ւ եք ծառայում Սերժ Սարգսյանին, եթե կիրակի օրով գնում եք ցեմենտ-բիտեն անելու»,- դիմեց նա ոստիկաններին՝ պատմելով, որ ծանոթներից մեկը իրեն պատմել է մի ոստիկանի մասին, ով ազատ օրերին հավելյար աշխատանք է անում՝ շինարարությունում:
երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը այս հայտարարությանն արձագանքելով՝ մոտեցավ Փաշինյանին և հորդորեց անպատասխանատու հայտարարություններ չանել:
«Ես էլ կարող եմ ասել, որ բերման ենթարկվածներից շատերն ասում են, որ արդեն հոգնել են էս ամեն ինչից ու ցույցերին էլ չեն մասնակցելու»,- ասաց Օսիպյանը:
«Չեղավ, պարոն Օսիպյան, Դուք արդեն քաղաքական հայտարարություն եք անում»,-նկատեց Փաշինյանը:
Մինչ նրանք զրուցում էին մոտեցավ մի կին, ով հայտնեց, որ աղջիկների մեկի քթից արյուն է գալիս, որը չեն կարողանում դադարեցնել: Արյունահոսությունն առաջացել է ոստիկանի հարվածից:
Աղջկա համար անմիջապես Շտապ օգնություն կանչեցին: Իսկ Վալերի Օսիպյանն անմիջապես մոտեցավ աղջկան՝ պարզելու, թե ոստիկաններից կոնկրետ ով է հարվածել նրան: Աղջիկն ասած, որ անկանոն գործողությունների արդյունքում է ստացել հարվածը, և ոստիկանը միտված չի եղել հարվածելու:
«Ամեն դեպքում, պետք է պարզել, քանի որ դիմացինն աղջիկ է եղել և նա պետք է ավելի զգոն լիներ»,-նշեց Օսիպյանը: