«Գիտեին՝ տղա եմ, տարան, տփեցին». բերման ենթարկված անչափահասները պատմում են
Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել անչափահասներին։ Նրանցից 14 -ամյա Աննան NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես ընկերների հետ փորձել է խառնվել փողոցը փակող ցուցարարներին, երբ նրանց է մոտեցել ոստիկանների մի խումբ ու տարել բաժին։
«Ես փորձեցի փախչել, չհասցրի։ Տարան, հարցեր տվեցին ու փակեցին մի սենյակում։ Հետո բերեցին մեզ Կոմիտաս ու իջեցրին։ Հիմա նորից Օպերա ենք գնում»,- պատմեց աղջիկը։
Նրա ընկերուհին՝ Լիլիթը, ով տղայի սանրվածքով ու փխրուն մի դեռահաս էր, պատմեց, թե ինչպես են իրեն տղայի տեղ դրել։
«Գիտեին՝ տղա եմ (ծիծաղում է-հեղ.), տարան, տփեցին, ասեցին՝ հիմա քեզ ավելի խելոք կպահես, տղա ջան։ Ասում եմ՝ ես աղջիկ եմ, չեն հավատում։ Հետո գրեցինք, որ հրաժարվում ենք առանց մեծերի որևէ բան ասելուց, բաց թողեցին մեզ։ Ավելի ճիշտ՝ բերեցին Կոմիտաս, իջեցրին»,- ասաց Լիլիթը։
Հարցին, թե հիմա ո՞ւր են գնում, աղջիկը պատասխանեց. «Մեր ընկերների հետ Օպերայի մոտ պայմանավորվել ենք հանդիպել։ Բայց դեռ չենք որոշել՝ Նիկոլին միանալո՞ւ ենք, թե՞ ոչ: կգնանք՝ տեղում կորոշենք»: